Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին նախագիծը, որ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը, իրականում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական ասպարեզում հաստատված խորը ճգնաժամի վկայությունն է: Այսօր «Երբ ճգնաժամը խորանում է, պուտանկեքը աշխուժանում են» իր կայքում տպագրված հոդվածում այսպիսի կարծիք է հայտնել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը:
«Սրա ամենավառ ապացույցն է այն, որ նախագծին կողմ արտահայտվողների փաստարկները հիմնավոր են, հիմնավոր են նաև դեմ արտահայտվողների փաստարկները, իսկ լուծում իրականում չկա: Ենթադրենք ` այսօր ՀՀ ԱԺ-ն ճանաչեց Ղարաբաղի անկախությունը, ի՞նչ ենք անելու վաղը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու համար: Արդյունավետ որևէ քայլ մենք չունենք, որովհետեւ առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից գոնե մեկի հզոր աջակցության մենք չենք կարող որևէ երկրի կողմից Ղարաբաղի ճանաչմանը հասնել: Նման ճանաչում չենք կարող ստանալ նույնիսկ Կոսովոյից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից: Սա նշանակում է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչումը նման կլինի նրան, եթե, ասենք, Հայաստանը ինքը իրեն հռչակի «Բրիթիշ փետրոլիումի» սեփականատեր…
… Այսօրվա վիճակում ճանաչենք Ղարաբաղի անկախությունը` արտաքին և ներքին քաղաքական ճգնաժամն ավելի կխորանա, չճանաչենք ԼՂՀ անկախությունը, արտաքին և ներքին ճգնաժամը առանց այն էլ խորանում է»,- նշում է Փաշինյանը: