Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի անձի շուրջ ծավալված սկանդալը, որի հետևանքով նա դուրս է եկել «Ոսկե նարինջ» թուրքական կինոփառատոնի ժյուրիի կազմից և լքել Թուրքիան, իրականում այլ դրդապատճառնել է ունեցել:
Սկանդալի հրահրման իրական պատճառը ոչ թե Կուստուրիցան էր, այլ Անթալյայի քաղաքապետը, CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է թուրքական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն:
Նշենք, որ այս տարվա մարտին իրենց կուսակցության անդամ Մուսթաֆա Աքայդինն ընտրվել էր Անթալյայի քաղաքապետ:
Աքայդինի խոսքով` ռասիստական հայտարարություններով հանդես եկող քաղաքական և հասարակական գործիչների թիրախը եղել է հենց ինքը:
Հիշեցնենք, որ Կուստուրիցայի մասնակցությունը փառատոնին խիստ քննադատության էր արժանացել թուրքական մի շարք կազմակերպությունների կողմից: Անվտանգության ծառայության ներկայացուցիչներն անգամ ստիպված էին դահլիճից դուրս հրավիրել ազգայնական կուսակցություններից մեկի պատգամավորին, ով ակնհայտ կերպով իր դիրքորոշումն էր արտահայտում Կուստուրիցայի մասնակցության վերաբերյալ:
Որպես բողոք` ուղղված Կուստուրիցայի դեմ, թուրք ռեժիսոր Սեմիհ Կափլանօղլուն ցուցադրությունից հանել էր իր «Մեղր» ֆիլմը:
Անթալյայի քաղաքապետի խոսքով` ինքը նման արձագանքի մասին մտածել անգամ չէր կարող, երբ Կուստուրիցային հրավիրում էր փառատոնին:
«Նման բան չէի ակնկալում, որովհետև նա (Կուստուրիցան – խմբ.) եղել է Թուրքիայում 2001, 2004, 2008 թվականներին», – ասել է Աքայդինն ու ավելացրել, որ անգամ Բուրսայում, որտեղ մեծ թվով բոսնիացիներ են ապրում, Կուստուրիցային շատ լավ են ընդունել: