ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Անի պլազա» հյուրանոցում հրավիրված միջազգային աշխատաժողովին, որը նվիրված էր խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծման հարցերին։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը դեռևս 2006 թվականին է դարձել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը մասնակից պետություն։ ՀՀ Ազգային Ժողովում կոնվենցիայի վավերացումից հետո մեր երկիրը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ճանաչել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ։
«Թե միջազգային և թե ներպետական մակարդակներում մենք ձգտում ենք հաշվի առնել միջազգային լավագույն փորձը։ Այդ տեսակետից խիստ օգտակար կլինի այսօրվա աշխատաժողովը», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փորձի փոխանակումը կհուշի, թե մեր երկիրն ինչ լրացուցիչ միջոցների գործադրմամբ կարող է բարձրացնել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետությունը։