Կալիֆորնիայի նահանգապետ և նախկին դերասան Առնոլդ Շվարցնեգերը, ով պաշտոնական այցով ժամանել էր Մոսկվա, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ մեջբերել է Լենինի պատգամները: Հրաժեշտի ժամանակ նա կոչ է արել ուսանողությանը «Սովորել, սովորել և սովորել»:
Ուսանողները ողջունել են Կալիֆորնիայի նահանգապետին ռոք խմբերի համերգներին բնորոշ գոռում-գոչյուններով: Սակայն Շվարցնեգերը չէր հայտնվում, և այդ ժամանակ ուսանողները սկսել են վանկարկել. «Արնի՛, Արնի՛»: Երբ նա հայտնվել է, գոչյունները հասել են իրենց կիզակետին, և Շվարցնեգերը ակամա հայտնվել է տեսախցիկների և բջջային հեռախոսների ուշադրության կենտրոնում, հայտնում է Newsru-ն:
Շրջակա միջավայրի պահպանման և էներգախնայողության խնդիրներին նվիրված դասախոսությանը Կալիֆորնիայի նահանգապետը նշել է, որ սկզբում մարդկանց համար շատ դժվար էր հասկանալ, թե ինչպես կարելի է պաշտպանել շրջակա միջավայրի և տնտեսության շահերը: «Մենք այժմ ապացուցել ենք, որ դա հնարավոր է»,- նշել է Շվարցնեգերը:
Նշենք, որ Կալիֆորնիա նահանգն արտադրում է ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 1,4, իսկ ամերիկյան` 6,2 տոկոսը, և 1988թ. ի վեր աշխատանքներ է վարում այն նվազեցնելու ուղղությամբ: