Օրաթերթի տեղեկություններով` ՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում` հիմնականում նարկոթրաֆիքի, թրաֆիքինգի և փողերի լվացման գործերով, պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաև ՀՀ պաշտոնյաները:
ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, և կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկվել են 32 անուն: Մեր տեղեկություններով, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: Ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել: Սակայն վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են, որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են: Մեր տեղեկություններով, ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան («Նեմեց Ռուբո») և Լևոն Սարգսյան («Ալրաղացի Լյովիկ»), ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան («Լֆիկ Սամո»), ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: Ըստ մեր տեղեկությունների` ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել, քանի որ ի սկզբանե բացառել են, որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել: