ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել Երևան քաղաքի 116 բնակիչների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որի պահանջն էր անվավեր ճանաչել Ուսանողական այգու տարածքում շինարարության թույլտվությունը:
Համահայցվորների պնդմամբ` այգում իրականացվող շինարարության թույլվությունները տրամադրվել են` ոտնահարելով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկման և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը նրանց մասնակցության իրավունքը, իսկ կառուցապատման արդյունքում խախտվում են համահայցվորների առողջ ու բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը և հանգստի իրավունքը:
ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է հայցը` պատճառաբանելով, որ համահայցվորների կոնկրետ իրավունքները չեն խախտվել: Համահայցվորները կբողոքարկեն այդ որոշումը: Այս մասին ասվում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրության մեջ: