Հաշվի առնելով, որ կառավարությունն արդեն ներկայացրել է 2011թ. պետական բյուջեն, և ԱԺ-ն պետք է երկուշաբթի քննարկի այն` ես նախօրոք ասում եմ` կարիք չկա որևէ բան քննելու-քննարկելու, քանի որ այս բյուջեի մեջ ոչինչ չկա, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ-ի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նրա կարծիքով` բյուջեի նախագիծը մի փաստաթուղթ է, որը ներկայացված է ներկայացված լինելու համար:
«Եթե պատգամավորներն ասում են, որ մոնոպոլիաները տնտեսության համար օգտակար են, ապա, թող չնեղանան ինձանից, իրենք կիլոմետրերով հեռու են տնտեսությունից», – ասել է Խաչատրյանը:
Պատասխանելով Epress.am-ի հարցին, թե որն է ելքը` Խաչատրյանն ասել է, որ հարկավոր է փոխել տնտեսական համակարգի տրամաբանությունը, ինչը հնարավոր չի լինի անել առանց քաղաքական համակարգի փոփոխության:
«Իսկ այս իշխանությունները նման բան չեն անի: Նրանց պետք են ընչազուրկ մարդիկ, որոնք ընտրությունների ժամանակ ձայնը կտան իրենց», – ասել է Խաչատրյանը:
Լուսանկարը` Hetq.am-ի