Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաև ՀՀ քաղաքացիներ, ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանելով ամերիկյան լրատվամիջոցների` այսօր տարածած տեղեկատվությունը:
Բալայանի խոսքով` անհրաժեշտության պարագայում Հայաստանի համապատասխան մարմինները պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար:
Հիշեցնենք, որ այսօր ամերիկյան մամուլը տեղեկացրել էր ԱՄՆ-ում հանցավոր խմբավորման բացահայտման մասին, որը մեքենայություններ էր իրականացնում բժշկական ապահովագրությունների ոլորոտում:
Խմբավորման ղեկավարն է 46-ամյա հայ օրենքով գող Արմեն Ղազարյանը, ով ապրում է Կալիֆորնիայում:
Հանցավոր խմբավորման անդամները փորձում էին խաբել Medicare բժշկական ապահովագրության հավատարմագրային հիմնադրամին մոտ 163 մլն դոլարի չաձով:
Ապահովագրական վճարումներ ստանալու նպատակով խարդախներն իրականում գոյություն չունեցող բժշկական կլինիկաների ցանց էին ստեղծել, որտեղ, իբր, բուժում էին իրականացնում:
Հանցավոր գործողությունների 73 մասնակիցներին մեղադրանք է ներկայացվել: Ձերբակալումներ իրականացվել են Նյու Յորքում, Լոս-Անջելեսում, ինչպես նաև Օհայո, Ջորջիա, Նյու Մեքսիկո նահանգներում: Խմբավորման առաջնորդներից են 34-ամյա Դավիթ Միրզոյանը և 35-ամյա Ռոբերտ Թերջանյանը: