Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարը նամակ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի խորհրդատու Հրանուշ Խառատյանը և «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը:
Խառատյանը նշել է, որ հայ փախստականությունը բավական երկար է սպասել, բայց ոչ թե պասիվ է սպասել, այլ պարբերաբար փորձել է թե հայաստանյան, թե միջազգային կառույցներին դիմել` ուշադրություն հրավիրելու հայ փախստականների խնդրին:
«Ադրբեջանահայերը հասկացան, որ ո’չ Հայաստանի իշխանությունների, ո’չ միջազգային կառույցների կողմից հայ փախստականության խնդիրը որևէ ձևաչափով երբևէ չի քննարկվել, մինչդեռ ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների խնդիրը միշտ օրակարգի մեջ է եղել»,- նշել է Հրանուշ Խառատյանը:
Խոսելով ադրբեջանցի փախստականների մասին` փորձագետն ասել է, որ որևէ տեղում չի քննարկվել, թե ինչու ադրբեջանահայերը փախստական դարձան և ինչու ադրբեջանցիները փախստական դարձան և երբ դարձան:
«Հայ փախստականների սկիզբը, ըստ էության, Սումգայիթում եղավ, որտեղ մաքուր ցեղասպանական և էթնիկական զտման գործընթաց եղավ»,- հայտարարել է Խառատյանը:
Գրիգորի Այվազյանին, սակայն, դուր չեն եկել Խառատյանի խոսքերը, ինչին ի պատասխան նա ասել է.
«Ադրբեջանցիները, ի տարբերություն մեզ, փախստական չունեն, ոչ մի հատ, այնպես որ իրավացի չէ նշել` ադրբեջանցիները ինչպես դարձան փախստական»:
Խառատյանը, այնուամենայնիվ, նշել է, որ բոլորը, ովքեր բռնի տեղահանության արդյունքում կամ ստիպված լքել են իրենց ապրելու տարածքը, փախստականներ են: