Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 5-րդ փառատոնն արդեն երկու օր է ինչ մեկնարկել է և տևելու է մինչև 16-ը: Այս 4 օրերի ընթացքում մասնակիցները խաղացել են և դեռ կխաղան ընդհանոր թվով 6 ներկայացումներ:
Փառատոնին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան այն երիտասարդ ռեժիսորները, որոնց ներկայացումներն ընդգրկված են հանարպետության հայտնի թատրոնների խաղացանկերում, ներկայացումներն արդեն կայացած են, իսկ ռեժոսորներն էլ սկսնակ չեն: Այս սկզբունքներին մեր հանրապետությունում համապատասխանում էին 6 ռեժիսորներ ու նրանց ներկայացումները` Կարապետ Բալյանի` «Ջուլիետը», Նարինե Գրիգորյանի` «Թռիչքը», Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը», Լուսինե Երնջակյանի «Փնտրվում է տղամարդ» ներկայացումը, Վահան Բադալյանի` «Մակբեթը և ցիանոկալիում», «Կաթով կամ առանց կաթի» ներկայացումը, որի ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն է:
Ինչպես այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշել է Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը փառատոնի մեր մասնակիցներից շատ գոհ է:
Արդեն Երևանում են Մոսկվայից եկած թատերագետների հանձնաժողովի անդամները` ռեժիսոր Վիտալի Ռիժակովի գլխավորությամբ: Նրանք կդիտեն բոլոր ներկայացումներն ու կընտրեն լավագույն երկուսը: Այս սկզբունքով լավագույն ներկայացումներ կընտրվեն նաև ԱՊՀ մյուս բոլոր երկրներում, իսկ ծրագրի ավարտից հետո` հաջորդ տարվա հունիսին բոլոր երկրներից ընտրված լավագույն ներկայացումները կցուցադրվեն մրցույթի հաջորդ փուլի շրջանակում` արդեն Ալմաթիում:
Այստեղից էլ հաջորդ փուլ անցած ներկայացումները կցուցադրվեն Մինսկում և հայտնի կդառնա արդեն հաղթող ներկայացումը: