Home / Армения / Սերժ Սարգսյանը չճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը` չնայած Ռուսաստանի ճնշմանը

Սերժ Սարգսյանը չճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը` չնայած Ռուսաստանի ճնշմանը

Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրներից օգտվելով՝ Ռուսաստանը փորձ է արել սահմանափակել Վրաստանի անկախությունը, newcaucasus.com-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ինձ համար հայ-վրացական հարաբերություններն ավելի թանկ են, քան քաղաքական  կապերը։ Ինձ համար աշխարհում երկրորդ հարազատ քաղաքը Թբիլիսին է։ Ես չեմ կարող խրախուսել Ռուսաստանի նեոկայսերական քաղաքականությունը։ Ես, իհարկե, ոգևորված չեմ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարած քաղաքականությամբ, բայց միանշանակ, կընտրեի նրան և ոչ թե չեկիստական Ռուսաստանի ղեկավարներին։ Հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն բարեկամական եմ համարում, այլև ռազմավարական։

Ի դեպ, այն օրը, երբ Մեդվեդևը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, ես Երևանի Հյուսիսային պողոտայում էի՝ ժողովրդավարական հավաքին, որտեղ հավաքվածները, լսելով այդ լուրը, սկսեցին սուլել։ Սա կապված չէ նրա հետ, որ մարդիկ դեմ են որևէ ժողովրդի անկախացման փաստին, այլ կապված է նրա հետ, որ հանրությունը վստահ է, որ այսօրվա Ռուսաստանը ասոցացվում է բռնատիրության և օկուպացիայի հետ»,- նշել է Սուրենյանցը։

Երևանյան փարձագետի կարծիքով՝ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին խոչընդոտում են երկու երկրների իշխանություններն ու Ռուսաստանի գործոնը։ «Ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական վերնախավը Ռուսաստանի ազդեցության տակ է։ Մյուս կողմից՝ Սահակաշվիլիի արևմտամետ կողմնորոշումը մեծ մասամբ ձև է և ոչ բովանդակություն։

Բարեբախտաբար, ռուս-վրացական պատերազմից հետո մեր երկրի իշխանությունները իրենց խելամիտ դրսևորեցին՝ չնայած ռուսական ազդեցությանը։ Սերժ Սարգսյանը հրաժարվեց ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Կարծում եմ` երկու երկրների իշխանություններին կհաջողվի անհարժեշտ բանաձևը գտնել՝ Ռուսաստանի գործոնը չեզոքացնելու համար»,- ամփոփել է փորձագետը։