Ներկայիս գործընթացի արմատները սկիզբ են դրվել դեռևս 1992 թվականին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրի մասին, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
«Ցավոք սրտի, Հայաստանի անկախության ընթացքում երեք իշխանություններն էլ հայտատարել են, որ այո’, օկուպացրել են որոշակի տարածքներ: Լեոն Տեր-Պետրոսյանի օրոք գործընթացն ընթանում էր «տարածքներ խաղաղության դիմաց» կարգախոսով, իսկ Ռոբերտ Քոչարյաինի օրոք մի փոքր փոխվեց` «տարածքներ կարգավիճակի դիմաց»: Իսկ այսօր Սերժ Սարգսյանը մեկ Ադրբեջանից պահանջում է խաղաղություն, մեկ ` կարգավիճակ», – ասել է Ստեփան Սաֆարյանը:
Սաֆարյանը նշել է, որ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն անընդունելի է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության բառաֆոնդը:
«Նրանք, փաստորեն, բացահայտորեն օգտագործել են «Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքներ» արտահայտությունը, որը մեր դիվանագիտության պարտությունն է: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա ես միգուցե ասեմ` այո, պետք է խանգարել այս գործընթացը», – նշել է Աժ պատգամավորը:
Սաֆարյանի կարծիքով` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի վերջին զեկույցի տերմինաբանությունը նույնպես փոխվել է` ի վնաս Լեռնային Ղարաբաղի:
«ՆԱՏՕ-ի առաքելության զեկույցում ներառված է Ադրբեջանի այն հայտարարությունը, որում ասվում է, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, Ադրբեջանը կհարվածի Հայաստանի ատոմակայանին», – ասել է «Ժառանգության» ներկայացուցիչը: