«Լինենք Տեր Պետությանը» երիտասարդական ուսանողական հ/կ նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արմեն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հետ է վերադարձնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով սեպտեմբերի 20-ին իրեն շնորհված մարտական ծառայության արիության մեդալը:
Համբարձումյանի խոսքով` ինքը չի ցանկանում մեդալ ընդունել ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից:
«Պատճառներից է նաև այն, որ այսօրվա դրությամբ բանտերում են գտնվում թե մեր քաղաքական գործիչ ընկերները և թե մեր մարտական ընկերները: Ես մտածում էի, որ անկախության տոնի առիթով հնարավոր է, որ այսօրվա մեր ոչ լեգիտիմ իշխանությունները բանտից ազատ կարձակեին կռված տղաներին, քաղաքական գործիչներն: Իրենք մյուս քաղաքական գործիչների պարգևներ և մեդալներ են շնորհում, իսկ մեր իրական քաղաքական գործիչները գտնվում են բանտերում»,- ասել է Համբարձումյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե միգուցե այդ պարգևն իշխանությունների կողմից երկխոսության եզր էր, Համբարձումյանը պատասխանեց, թե ընդդիմությունն արդեն երեք տարի է` սպասում է այդ համագործակցության եզրերին:
«Թե հանրահավաքների ժամանակ, թե լրատվամիջոցներով, բազմիցս հայտարարվել է, որ երկխոսության առաջին պայմանը քաղբանտարկյալների ազատումն է: Իսկ դրանից հետո ոչ թե ես պետք է գնայի երկխոսության, այլ մենք ունենք ՀԱԿ, որն ունի ղեկավարություն, քաղխորհուրդ. իրենք կորոշեին` մենք էլ կշարժվեինք այդպես»,- նշել է Համբարձումյանը: