Մեքսիկային կառավարությունը Միացյալ Նահանգներին է հանձնել երկրի տարածքում թմրանյութերի վաճառքով զբաղվող ամենաազդեցիկ հանցագործներից մեկին Խոսե Անտոնիո Մեդինային, հաղորդում է Associated Press–ը` վկայակոչելով Մեքսիկայի գլխավոր դատախազության տվյալները: Մեդինան, ով հայտնի է «Դոն Պեպե» և «Հերոինի թագավոր» կեղծանուններով, դատարանի առջև է ներկայանալու Կալիֆորնիայի նահանգում:
Մեդինային մեղադրում են 2007-2008 թվականներին Կալիֆորնիայում թմրանյութերի առք ու վաճառքի մեջ:
Դոն Պեպեն ձերբակալվել է ընթացիկ տարվա մարտին Մեքսիկայում: Հետաքննության տվյալներով` նա աշխատել է «La familia» կարտելի համար: 36-ամյա Մեդինայի ղեկավարությամբ` ԱՄՆ տարածք ամեն ամիս ավելի քան 200 կիլոգրամ հերոին են տեղափոխել, ինչից ստացված եկամուտն ամսեկան 12 միլիոն դոլար է կազմում: