Երևանի քաղաքապետարանը պատրաստում է Երևան քաղաքի տրանսպորտային երթևեկության նոր սխեմա` ըստ որի պետք է բարելավվի երթևեկությունը, կրճատվեն միկրոավտոբուսները և կրճատվելու է էլեկտրատրանսպորտի քանակը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Սպառողների միության ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
«Մենք շատ խիստ մտահոգված ենք այս հարցով, քանի որ այն մասնագետների խումբը, որն աշխատում է այդ նախագծի վրա, չի կարող ընկալել, որ էլեկտրատրանսպորտը երթևեկության լավագույն միջոցն է, այն պարունակում է 0 տոկոս արտանետում»,- ասել է բանախոսը:
Նա նաև հավելել է, որ այս խնդիրն ունի բազմաթիվ կողմեր` անվտանգության, էկոլոգիական, սոցիալական, բայց ամենակարևորը` արժանապատվության:
«Հայ մարդը 21-րդ դարում արժանի չէ երթևեկելու այն վիճակով, ինչ որ մենք երթևեկում ենք միկրոավտոբուսներում ողնաշարային ծալապատիկ վիճակում», – նշել է Պողոսյանը:
Ըստ ասոցիացիայի կատարած հարցումների` բնակչության 76,5 տոկոսը գերադասում են, որպեսզի կրճատվեն միկրոավտոբուսները և մարդիկ երթևեկեն էլեկտրատրանսպորտային միջոցներով: