Home / Հայաստան / «Չորրորդ ինքնիշխանություն». «Բարեգործություն» Կապանում

«Չորրորդ ինքնիշխանություն». «Բարեգործություն» Կապանում

Կապանի կենտրոնում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շենք, որի բնակարաններն իբր «շուկայականից անհամեմատելի էժան գներով» տրամադրվելու են Սյունիքի մարզի երիտասարդ ընտանիքներին, գրում է օրաթերթը:

Իսկ ինչու՞ ենք ասում «իբր»: Որովհետև, բանից պարզվում է, ծրագրի ընդհանուր արժեքը 7,6 միլիարդ դրամ է (21 միլիոն դոլար), իսկ այդ գումարով կառուցվելու է 335 բնակարան: Ստացվում է, որ մեկ բնակարանը արժենալու է մոտ 63 հազար դոլար: Ինչ եք կարծում, մի քիչ շատ չէ՞ Կապանի համար: Մանավանդ որ այդ գնով ցանկացած երիտասարդ ընտանիք Կապանում առնվազն երկու բնակարան կգնի:

Ինչ վերաբերում է «շուկայականից անհամեմատելի էժան գնին», ապա պարզվում է` մեկ քառակուսի մետրը, որպես «աննախադեպ բարեգործություն», վաճառվելու է ընդամենը 190 հազար դրամով (մոտ 530 դոլար): Մոտավորապես հենց այդքան էլ արժեն բնակարանները Երևանի ոչ կենտրոնական թաղամասերում (այդ թվում` նորակառույցներում): Հասկացա՞ք, թե ինչ է կատարվում: Ինչ-որ մեկը պարզապես «գործ է կպցրել». Կապանում միանգամից 3 շենք է կառուցում և «որպես բարեգործություն» վաճառում Երևանի գներով: Ահա և ամբողջը: Իսկ թե ով է այդ «ինչ-որ մեկը»` դեռևս հայտնի չէ: Բայց շենքերի հիմնարկեքին Սերժ Սարգսյանն անձամբ է մասնակցել: