Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի տիկինը չի կարողանա ուղեկցել ամուսնուն Բենեդիկտոս 16-րդի հետ հանդիպման ժամանակ: Վատիկանը մերժել է պաշտոնական Փարիզի համապատասխան հարցումը, հաղորդում է Вести.Ru-ն:
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` մերժման պատճառը նախկին մոդելի սկանդալային հեղինակությունն է: Այդ տեսակետը կիսում է եվրոպական եկեղեցական գործիչների մեծամասնությունը: Ըստ նրանց` Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունիի մերկ լուսանկարները մինչ օրս պարբերաբար հայտնվում են ԶԼՄ-ներում: Բացի այդ, մամուլում պարբերաբար ասեկոսեներ են տարածվում, թե Բրունին դավաճանում է ամուսնուն:
2009թ. մայիսին կաթոլիկ եկեղեցու առաջնորդի` Աֆրիկա կատարած այցից հետո Բրունին սուր քննադատությամբ էր հանդես եկել նրա այն հայտարարությանը, թե պահպանակները չեն կարող լուծել ՁԻԱՀ-ի համավարակի խնդիրը, քանի որ պարզապես խթանում են ամուսնական անհավատարմությունը: