«Վրաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ անելու» վերաբերյալ Վրաստանում սկանդալային օրենսգիծ են ընդունելու, ինչը երկրում կառավարման խառը ձևի ընդունում է ենթադրում: Սահմանդրության նոր ձևին կողմ են քվեարկել 150 պատգամավորից 112-ը, դեմ` միայն 5-ը, հաղորդում է Новости Грузия-ն:
Ընդունված ուղղումների համաձայն` նախագահի լիազորությունները սահմանափակվելու են և փոխանցվելու են խորհրդարանին և կառավարությանը: Ավելանալու է նաև դատական մարմի անկախության մակարդակը:
Սահմանադրական փոփոխություններն աստիճանաբար են ուժի մեջ մտնելու: Դրանցից մի քանիսն իրագործվելու են օրենքն ընդունելուց 15 օր անց, բայց հիմնական մասը կյանքի կկոչվի մինչ 2013 թվականը, երբ լրանա գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամկետը:
Սահմանադրության նոր տարբերակն ավելացնելու է կառավարության դերը: Այժմ արդեն խորհրդարանը չի կարողանա որևէ որոշում ընդունել առանց կառավարության համաձայնության: Հենց այս կետն էլ հիմք է հանդիսացել Վրաստանի ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության այն հայտարարության համար, ըստ որի «գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր համար վարչապետի պաշտոնն է նախապատարաստում, որն ավելի ազդեցիկ է լինելու, քան նախագահի պաշտոնը»:
Վրաստանի լեյբորիստները նույնիսկ նախաձեռնությամբ են հանդես եկել` առաջարկելով փաստաթղթով հաստատել այն կետը, ըստ որի նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետի լրանալուց հետո Միխայիլ Սահակաշվիլին չի կարող զբաղեցնել Վրաստանի վարչապետի պաշտոնը: Նրանց առաջարկն ուշադրության չի արժանացել: