Արտաքին քաղաքականության գծով Գերմանական խորհրդին կից Բերտոլդ Բեյցի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ռարը կարծում է, որ եթե կառուցվի Nabucco գազատարը, ապա Ուկրաինան այլևս չի լինի մեծ գազային շուկայում, հաղորդում է 1news.az-ը:
«Այժմ հնարավորություն կա ստեղծել եռակողմ կոնսորցիում Ռուսաստանի, Ուկրաինայի և արևմտյան ընկերությունների միջև, սակայն Արևմուտքը ընդհանրապես հետաքրքրված չէ: Եվրամիությունն այժմ բևեռված է Nabucco նախագծի վրա, որը, ըստ իս, առասպել է, քանի որ այնտեղ գազ չկա: Իրաքը կարող է Թուրքիային մի քիչ գազ տրամադրել, և ընդամենը դա»,- նշել է վերլուծաբանը:
Ալեքսանդր Ռարի կարծիքով` «Ադրբեջանը վաճառում է իր գազը Ռուսաստանին: Ւրանական գազը երբեք չի հայտնվի խողովակներում, իսկ Թուրքմենստանը չի կարող շրջանցել Իրանին, որպեսզի հասնի Ադրբեջան»:
«Սակայն Արևմուտքում Nabucco-ն առավել շատ դիտարկում են որպես ընդհանուր անվտանգության ռազմավարական նախագիծ, որը կարող է միավորել Եվրոպան և Կենտրոնական Ասիան, ինչպես նաև կարող է մերձեցնել Թուրքիան ԵՄ-ի հետ: Սակայն եթե Nabucco-ն կառուցեն, ապա Ուկրաինան այլևս տեղ չի ունենա մեծ գազային շուկայում»,- եզրափակել է Ռարը: