Համաշխարհային ճգնաժամը դա ոչ թե մասնավոր տնտեսական անբարենպաստ գործոնների համադրումն է, այլ եղած հասարկական և տնտեսական մոդելի ընդհանուր սնանկության արտահայտություն: Երեկ «Փոքր Խորհրդի» հերթական նիստի ժամանակ համաշխարհային տնտեսական ճգնաժամին առնչվող խնդիրների մասին է խոսել թատերագետ Արա Նեդոլյանը:
Իր զեկույցի ընթացքում Նեդոլյանը նշել է, որ ժամանակակից ոչ մի հասարակություն դեռ չի ընդունել մարդու կյանքի անվերապահ իրավունքը, այլ պայմանավորվում է այդ իրավունք ստանալը մարդու «աշխատանքով»:
«Աշխատանքը նշանակում է, որ մարդ հատկացնում է ինքն իրեն, իր մարմինը և իր ապրեու ժամանակը, մեկ ուրիշի ժամանակավոր իշխանությանը, որպեսզի փոխարենը ստանա փող՝ ապրելու իրավունք: Արդյունքում աշխարհի բոլոր տնտեսությունները, Ամերիկայից մինչև Հայաստան հակված են արտադրելու ոչ թե արդյունք /վերջին հաշվով, փող/, այլ հենց աշխատատեղեր, ավելացնելով աշխարհում ոչ արդյունավետ, էքստենսիվ աշխատանքը, որը կատարվում է ոչ թե մարդու կամքը իրականացնելու համար, այլ մարդու կամքին շատ հաճախ հակառակ, և արդյունքում սկսում է կլանել ավեի շատ փող, քան արտադրում է», – ասել է Նեդոլյանը:
Զեկուցողի խոսքով՝ աշխարհի գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտները, պետությունից մինչև անհատ, արդյունքում միայն կուտակում են պարտքեր, այլ ոչ թե խնայումներ: Նման համակարգն այլևս ընդունակ է լինելու կատարել միայն մարդկանց և բնության ուժեղացող շահագործում, սոցիալական նվաճումների կրճատում, և միևնույնն է չի կարողանալու արտադրել մի ապագա, որ ներկայից լավը կլինի:
«Նման սիսթեմի պահպանումը ձեռնտու է միայն իշխանություն իրականացնող դասակարգերի, քանի որ ամրապնդում է իրենց իշխանությունը ձևականորեն ազատ մարդկանց վրա, մեկնաբանելով նրանց իբրև «աշխատավոր», որոնք իբր թե աշխատանքի կարոտ են ապրում, իսկ աշխատանքը ստեղծում և կազմակերպում են էլիտաները, և այն միշտ էլ բոլորին չի հերիքում», նշել է Արա Նեդոլյանը:
Որպես փոխարինող համակարգ բանախոսը ներկայացրել է հասարակական-տնտեսական նոր մոդել, որտեղ որ մարդու ապրելու իրավունքը ճանաչվում է անվերապահորեն, և մարդը ստանում է կյանքի համար անհրաժեշտ փող /պայմանական՝ ամիսը 700 եվրո/ առանց որևէ պայմանների, իբրև մարդու իրավունք:
«Դրանից հետո՝ մարդը ազատ է մասնակցել իբրև արտադրող տնտեսական կյանքին կամ չմասնակցել, բայց ակնհայտ է, որ մասնակցության դեպքում նա ստանում է գործելու լրիվ այլ մոտիվացիա՝ ոչ թե սովի վախը և հետևաբար՝ ենթարկվելու անհրաժեշտությունը, այլ՝ իրեն դրսևորվելու, հասարակական-արտադրական կյանքի մասնակցելու միջոցով կայանալու մոտիվացիան: Նման սկզբունքով կառուցվող տնտեսությունը միայն ընդունակ է լինելու կտրուկ բարձրացնել իր արդյունավետությունը, լիովին օգտագործել մարդկության գիտատեխնիկական պոտենցիալը և ստեղծել տնտեսություն, որը կարտադրի ավելին քան կկլանի, հետևաբար, կկարողանա ապահովել ավելի ազատ ու բարեկեցիկ, այլ ոչ ավելի աղքատ ու անազատ ապագա՝ բոլորի համար: Տնտեսավարման նման մոդելը բերելու է հասարակության կազմակերպման այլ ձևերի, որոնք հիմնված են լինելու ոչ թե հրամայելու և ենթարկվելու, վերադասի և ստորադասի, այլ՝ հավասարների հարաբերությունների վրա, երբ որ մեկը մյուսին կարող է մասնակից դարձնել իր գործին ոչ թե վարձելով, այլ դարձնելով համասեփականատեր և համատեղ որոշումներ ընդունող», – նշել է Նեդոլյանը:
Նրա խոսքով՝ նման նախագիծը, որը կրում է համաշխարհային բնույթ, դժվար թե հնարավոր լինի իրականացնել մեկ պետության սահմաններում, և ենթադրում է աշխարհի ազատական ուժերի համար մեկ ընդհանուր քաղաքական պահանջ ձևակերպելու անհրաժեշտությունը, այն է՝ գործնականում ապահովել մարդու կյանքի իրավունքը՝ դրա համար իրականացնելով համապատասխան հասարակական և տնտեսական մոդելների արմատական փոփոխություն: