Երբ երկու տարի առաջ ԱՄՆ կոնգրեսը հաստատեց Ձեր թեկնածությունը ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու մասին, հավատացնում ենք Ձեզ, մեր երկրի հուսալի ապագայով մտահոգ քաղաքացիներն այդ լուրն ընդունեցին խանդավառությամբ, քանզի ամբողջ աշխարհում Դուք հայտնի եք որպես ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ: Այսպես է սկսվում բաց նամակը, որն այսօր «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամները հղել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին:
Նամակի հեղինակները կարծիք են հայտնում, որ Մարի Յովանովիչը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում ամենայն հավանականությամբ ծանոթացել է նաև «մեր բազմադարյա հերոսական պատմությանը, գիտության, մշակույթի, գրականության ոլորտում հայ ժողովրդի ձեռքբերումներին»:
«Մեր ժողովուրդը միշտ հպարտացել է իր ճարտարապետական կոթողներով` դրանք դիտարկելով որպես Սուրբ կոթողներ: Նման կոթող է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը: Թատրոնին հարող հրապարակում հայ ժողովուրդը 1988թ. միակամ պայքարեց խորհրդային բռնապետության դեմ և 1991 թ. սեպտեմբերի 21-ին հիմնեց բոլոր ժամանակների սերունդների երազած ազատ, անկախ Հայաստանը: Այդ հրապարակը վերանվանվեց Ազատության հրապարակ», – ասված է նամակում:
Նամակի հեղինակները նշում են, որ այսօր իրական անկախության և ազատության համար պայքարը շարունակելու ժողովրդական լայն զանգվածների մուտքը Ազատության հրապարակ խոչընդոտվում է ամերիկյան «Կոկա կոլա» աշխարհահռչակ ապրանքանիշը կրող հովանոցների տակ Երևանի քաղաքապետի կողմից կազմակերպված շուկան:
«Դա նսեմացնում է ֆիրմայի բարի համբավը` միաժամանակ նսեմացնելով մեր ազգային արժանապատվությունը: Կարծում ենք, Դուք, որպես ամերիկյան Կառավարության կողմից ՀՀ-ում հավատարմագրված անձ, պետք է մտահոգվեք նաև ամերիկյան ծագման ապրանքանիշի ճակատագրով, որը, տվյալ դեպքում, ծառայում է ՀՀ գործող վարչախմբի քաղաքական նպատակներին: Հակառակ դեպքում կձևավորվի կարծիք, որ Ձեր կողմից դրսևորած լռությամբ Դուք հովանավորում եք բռնությունն ու կամայականությունները մեր երկրում», – գրում են նախաձեռնության անդամները:
Նշենք, որ վերջին մեկ և կես ամսվա ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը Ազատության հրապարակում հանրահավք անցկացնելու բազմաթիվ հայտեր է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնք մերժվել են: Նախկինում քաղաքապետարանը պատճառաբանում էր, որ Ազատության հրապարակում մանկական կարուսելների և ատրակցիոնների գործունեության պայմանագիր է կնքել, ապա հրապարակում Երևանի 2792-ամյակին նվիրված տոնախմբության փորձեր են իրականացվում, իսկ այժմ այնտեղ տեղադրվել են հովանոցներ, որոնց տակ մանրածախ առևտուր է իրականցվում: