129 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Լենա Աբգարյանն այս ուսումնական տարվա սկզբին հեռացվել է աշխատանքից իր իսկ դիմումի համաձայն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է դպրոցի տնօրեն Թամարա Պետրոսյանը:
Նրա խոսքերով` Աբգարյանը դիմում է գրել` խնդրելով ազատել նրան աշխատանքից առողջական վիճակի պատճառով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Facebook հասարական ցանցում հայկական դպրոցներին վերաբերող YouTube-ից նոր տեսահոլովակ է տեղադրվել (http://www.epress.am/FVideo.aspx?vdid=66), որտեղ պատկերված է, թե ինչպես է կին ուսուցչուհին ծեծի ենթարկում երեխաներին:
Սոցիալական ցանցերում և բլոգերում շրջանառվող տեղեկությունների համաձայն` կադրերը նկարահանվել են 129 Գայի (Հայկ Բժշկյանց) անվան դպրոցում, իսկ ուսուցչուհին հենց Լենա Աբգարյան է:
Դպրոց կատարած այցելության ընթացքում մենք փորձեցինք համեմատել տեսահոլովակում պատկերված դասարանը 129 դպրոցի դասարանների հետ: Դպրոցի տնօրեն Թամարա Պետրոսյանի ուղեկցությամբ շրջեցինք դասարաններով, որոնք, ըստ տնօրենի, չորսը տարի է ինչ վերանորոգված են: Նա չի բացառում, որ վերոնշյալ տեսահոլովակը «վաղուցվա նկարահանում է»:
Նշենք, որ տնօրենը` տեսահոլովակը դիտելուց հետո, որտեղ ուսուցչուհուն կարելի է հիմնականում թիկունքից տեսնել, ինչ-որ չափով նմանեցրեց վերջինիս Լենա Աբգարյանի հետ` նշելով, որ «հետևի մասից ինքն էր»: Սակայն, ըստ Պետրոսյանի, աշակերտները նրան ծանոթ չէին:
Լենա Աբգարյանն աշխատում էր դպրոցում 70-ականներիից: Մեկ անգամ` (2006 կամ 2007 թվականին, տնօրենը դժվարացավ հիշել թիվը) ծնողները բողոք էին ներկայացրել նրա դեմ անվայել բառ օգտագործելու համար, ինչի արդյունքում ուսուցիչը նկատողություն էր ստացել:
Մեր հարցին` եղել են արդյոք ուսուցիչների կողմից բռնություն կիրառելու դեպքեր անցյալում և ստացվել են արդյոք բողոքներ, Պետրոսյանը պատասխանել է, որ այս կամ այն դեպքի մասին իմանալու համար ծնողը պետք է բողոքի, ինչը տեղի չի ունեցել, աշակերտներից բողոքներ ևս չեն եղել:
Նշենք, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել 129 դպրոցում 4 տարի առաջ մաթեմատիկայի դասի ժամանակ: