Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ոչ մի հանցավոր բան չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ առկա «occupied» (գրավյալ – Epress.am) բառի մեջ:
«Համանախագահները чисто технически (զուտ տեխնիկապես) պետք է ռեվերանսներ անեն Ադրբեջանին, որպեսզի ցույց տան, որ բանակցային գործընթացը շարունակվում է», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մինասյանը:
Նրա խոսքով` հայկական կողմի համար այս հայտարարության մեջ դրականն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, ինչպես նաև ստատուս-քվոյի պահպանումը բխում է հայկական շահերից:
«Իսկ թե համանախագահները տարածաշրջան կժամանեն Ադրբեջանից, Իրանից, թե պարաշյուտով, դա ոչ մի նշանակություն չունի», – հայտարարել է Մինասյանը:
Մինասյանի կարծիքով` հակամարտության գոտում մոտ ժամանակներս խաղարարար ուժեր չեն տեղակայվի: Քաղաքագետը հիշեցրել է ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հայտարարությունը, համաձայն որի «խաղաղապահ ուժեր տեղակայելը բարդ գործընթաց է, մեկ-երկու օրվա գործ չէ»:
Պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ԼՂ
անկախության ճանաչման հարցի բարձրացումը կունենա արդյոք որևէ ազդեցություն
տարածաշրջանային հարցերի կարգավորման վրա, Սերգեյ Մինասյանն ասել է, որ դա
ներքաղաքական խնդիր է, և որևէ էական ազդեցություն չի ունենա ընդհանուր գործընթացների
վրա: