Երեկ Թուրքիայում կայացել է Ստամբուլի 32-րդ «Եվրասիա» միջազգային մարաթոնը: Ավանդաբար մարաթոնը մեկնարկում է քաղաքի ասիական մասում, և մասնակցիները Բոսֆորի կամրջով անցնում են եվրոպական մաս:
Առավոտյան 8:45-ին մեկնարկեցին հաշմանդամները սայլակներով, 15րոպե անց` պրոֆեսիոնալ մարզիկները:
9:30-ին մեկնարկ վերցրեց սիրողական սպորտով զբաղվող ևս 120,000 մարդ, որից հետո, ինչպես հաղորդում է Milliyet-ը, լուրջ խնդիրներ են ծագել: Երբ տասնյակ հազարավոր մարդիկ հայտվել են Բոսֆորի կամրջի վրա, այն սկսել է ուժգին ցնցվել, ինչը վախեցրել է մասնակիցներից շատերին: Մասնագետների կարծիքով` մեծ է եղել վտանգը, որ կամուրջը կարող էր վթարի ենթարկվել, անգամ փլվել: Այնուամենայնիվ, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:
Մարաթոնում հաղթել է քենիացի մարզիկ Վիսենտ Կիպլագատը, կանանց պայքարում ուժեղագույնն է եղել Աշու Կասիմը` Եթովպիայից: