Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ արտասահմանցի գործարարները պատրաստվում են ներդրումներ կատարել «Տաթևի վերածնունդը» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի հարավային մասի զարգացման համար:
Աշխարհի ամենաերկար երկկողմ ուղևորատար ճոպանուղու բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ազգային մրցունակություն հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը (նկարում):
«Սա Տաթևի վերածննդի մեկնարկն է, որը սկսվում է ճոպանուղու բացումով»,- ասել է Բեկոր Փափազյանը:
Նա նաև նշել է, որ բազմաթիվ շինարարությունները կարող են բնապահպանական խնդիրներ առաջացնել, սակայն, Բեկոր Փափազյանը լրագրողներին տեղեկացրել է, որ շուտով Անգլիայից Հայաստան է ժամամնելու մասնագետների մի խումբ, որը տեղի մասնագետների հետ կազմելու է Տաթևի մասթերպլանը, և որոշելու է, թե որտեղ է կարելի իրականացնել ներդրումային ծրագրերը:
Փափազյանը նաև հավելել է, որ ճոպանուղին աշխատելու է տարվա չորս եղանակներին, և նշել, որ ինքը մեծ հաճույքով ձմռանը ևս գալու է Տաթև: