«Ամենայն հավանականությամբ մենք կգերակատարենք 2010թ. պետական բյուջեն։
Այս պահի դրությամբ արդեն ունենք եկամտային մասով 40 մլրդ դրամ գերակատարում, ինչը հույս է ներշնչում, որ մենք կկարողանանք եկամտային մասով գերակատարել պետական բյուջեի ցուցանիշը, և, բնականաբար, հարկային մուտքերը վկայում են այն մասին, որ մենք ունենք ավելի բարձր տնտեսական աճ, քան կանխատեսում էինք 2010թ. բյուջեն նախագծելիս»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2011թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
«Հիշում եք, որ մենք բյուջեի հիմքում դրել ենք 1,2 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, բայց ամենայն հավանականությամբ այս ցուցանիշը կգերազանցենք երկու անգամ և տարին կփակենք համախառն ներքին արդյունքի ավելի բարձր ցուցանիշով», – ասել է վարչապետը։
Նա կարևորել է այն փաստը, որ հիմնական աճ է գրանցվել արդյունաբերությունում: Վարչապետի խոսոքով` ութ ամիսների կտրվածքով արդյունաբերությունում գրանցվել է 11, 5 տոկոս աճ, էներգետիկայում` 17,1 տոկոս և ծառայություններում` 7,2 տոկոս աճ։
Տիգրան Սարգսյանն ասել է, որ ցուցանիշները կլինեին ավելի բարվոք, եթե չարձանագրվեր աննախադեպ անկում գյուղատնտեսության ոլորտում։
Կառավարության ղեկավարի խոսքով` 2011թ. գյուղատնտեսությունում կլինի վերականգնում, կարձանագրվի աճ իրական հատվածում` արդյունաբերությունում, էներգետիկայում։
«Ընդհանուր առմամբ, այս ֆոնի վրա մենք կանխատեսում ենք 4,6 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ 2011 թ. համար», – ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ 2010-2011 թթ. կարևորագույն մարտահրավերներից լինելու է բարձր գնաճը և բարձր գնաճի զսպումը, և դրան են ուղղված լինելու դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը։
Վարչապետի խոսքով` կառավարության բյուջետային կանխատեսումները ենթադրում են, որ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կլինեն 850 մլրդ դրամի շրջանակներում։
«Դա բավական լուրջ թիրախ է մեզ համար։ Ծախսային մասը կկազմի 998 մլրդ դրամ, բյուջետային դեֆիցիտը չի գերազանցի ՀՆԱ-ի 4 տոկոսը։
Մեր գնահատականներով, բավական լարված բյուջե է եկամտային մասի ապահովման տեսակետից, բայց այն ռեզերվները, որ մենք ձևավորում ենք, լավատեսություն է ներշնչում այն առումով, որ կկարողանանք ամբողջությամբ կառավարել ռիսկերը, որոնք կարող են բացահայտվել 2011թ., եթե հանկարծ մակրոմիջավայրը լավը չլինի կամ, եթե համախառն ներքին արդյունքի աճը, որ կանխատեսում ենք (4.6 տոկոս) չկայանա», – նշել է Տիգրան Սարգսյանը։