Facebook սոցիալական ցանցի օգտատերերի տվյալները հասանելի են դարձել գովազդային գործակալությունների համար: Wall Street Journal պարբերականի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգտատերերի տվյալները հավաքագրում և փոխանցում են հասարակական ցանցի ծրագրերը:
Լրագրողները պարզել են, որ Facebook-ի մի շարք ծրագրեր, առանց օգտատերերին տեղյակ պահելու, տվյալներ են հավաքագրել: Այդ տվյալները որևէ անձնական տեղեկատվություն չեն պարունակում, այլ պարզապես թվեր են:
Բայց, եթե այդ թվերը տեղադրվեն հասցեի համար նախատեսված տողում` http://www.facebook.com հասցեից անմիջապես հետո, ապա հեշտությամբ կարելի է հայտնվել տվյալ օգտատերի անձնական էջում: Փաստորեն, այս տվյալները բացահայտում են օգտատերերի անձնական տվյալները, առնվազն` նրա անունը:
Հայտնի է, որ այդ տվյալներն ուղարկվել են մոտավորապես 25 գովազդային գործակալություններ, որոնցից մի քանիսն օգտագործել են դրանք գովազդային գործունեություն ծավալելու համար: Գովազդային գործակալների ձեռքի տակ ընդհանուր առմամբ Facebook-ի ավելի քան մի քանի տասնյակ միլիոն օգտատերերի տվյալներ են հայտնվել: