Կառավարության ընդունելությունների տան մոտ շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած պիկետը: Հիշեցնենք, որ Ընդունելությունների տանն այս պահին անցնում է «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը:
Կոնգրեսի համակիրները հավաքվել են շենքի հարակից տարածքում, որը շրջապատված է բազմաթիվ ոստիկաններով:
Մարդիկ անընդհատ հնչեցնում են Շարժման կարգախոսները, ինչն առաջացնում էր ոստիկանների զայրույթը:
Ոստիկանները պարբերաբար «լեզվակռիվ» են անում պիկետի մասնակիցների հետ: Մասնավորապես, ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Խաչիկ Ավետիսյանը բարձրաձայն հայտարարեց.
«Սաղտ պտի ղուրբան ըլնեք, որ Սերժ Սարգսյանի պես նախագահ ունեք»: Ներկաներից մեկը հարցով պատասխանեց ոստիկանին` ասելով.
«Դու երևի ամեն օր ղուրբան լինելով ման ես գալիս, չէ՞»:
Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության և ակտիվիստների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Դա դժգոհություն է առաջացրել ակտիվիստների շրջանում. նրանք սկսել են ավելի ուժեղ վանկարկել իրենց կարգախոսները: Մոտ տասը րոպե անց իրավիճակը հանդարտվել է: