Խաղաղության, բարեկեցության ու ժողովրդավարության սահմաններն ընդլայնելով եվրոպական տարածքում` մենք կարևոր նվաճումներ ենք գրանցել, բայց դեռ շատ անելիքներ կան: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:
«Եվրոպան «ամբողջացնելու» գործընթացն ավարտված չէ: Ըստ իս` ամենակարևոր խնդիրն այն է, թե Օբամայի վարչակազմի ներքո` որպես կոնկրետ ռազմավարության մաս, ինչպես ենք համագործակցում Եվրոպայի հետ` այդ նպատակին հասնելու համար», – ասել է Գորդոնը:
Այս համատեքստում Գորդոնը դիտարկել է Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի դեպքերը:
«Սրանք Եվրամիության Արևելյան համագործակցության ծրագրի մասնակից երկրներն են, մի նախաձեռնություն, որը Միացյալ Նահանգները սատարում է, և աշխատում է այդ երկրներում ժողովրդավարությունը, կայունությունն ու անվտանգությունն ընդլայնելու ուղղությամբ: Մենք նույն ռազմավարության կողմնակից ենք, քանի որ նույն նպատակներն ենք հետապնդում, ինչ իր առջև դնում է ծրագիրը», – նշել է Գորդոնը: