Մեր հասարակությունը վրդովված է, և պատճառն այն համաժողովն է, որն անցկացվում է Երևանում: Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը խոսել է Հայաստանի քաղաքական իրավիճակի հետ կապված Եվրոպայի դերակատարության մասին:
Նրա խոսքով` «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովի անցկացումը Հայաստանում վերահաստատում է մեր ժողովրդի այն համոզմունքը, որ մեր երկրում ավազակապետության ամրապնդման գործում իր դերն ունի Արևմուտքը, քանի որ նրանք յուրաքանչյուր ընտրությունը մեր երկրում համարել են քայլ առաջ:
«Նրանց թողտվությամբ` վարչախմբի ռեժիմը ազատազրկեց շարժման ակտիվիստներին և ներկայումս շարունակում է բանտերում պահել նրանցից 13-ին», – ասել է Մակեյանը:
Որպես նախկին քաղբանտարկյալ` նա իր և իր ընկերների անունից առաջարկել է համաժողովի մասնակիցներին հանդես գալ 13 քաղբանտարկյալներին ազատելու կոչով: