Այսօր Երևանում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը:
ԵԴԽԽ լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ ավելի քան երեք տասնյակ երկրից: Լիագումար նիստի բացմանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
«Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում հանդիսանում է հանցավորության դեմ արդյունավետ պայքարի երաշխիքը, ապահովում մեր պետությունների համակողմանի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին: Այդ համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես դատախազության մարմինների աշխատանքի բարելավման անհրաժեշտ պայման` մեր քաղաքացիների անվտանգության և իրավական պաշտպանվածության ապահովման համար»,- բացման խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Երեք աշխատանքային օրերի ընթացքում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում եվրոպական չափորոշիչների կիրառման ընթացքում դատախազության դերին վերաբերող հարցեր: Տեղի կունենան Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահի, փոխնախագահի, ինչպես նաև` Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը: