Երևանում այսօր մեկնարկած «Ժողովրդավարության ապագայի համար» համաժողովի մասնակցիներից մի քանիսը Կառավարության ընդունելությունների տանից դուրս են եկել և հարցերով դիմել շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին:
Նրանց թվում են, մասնավորապես, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, Ֆինլանդիայից և Բելգիայից: Արտասահմանցի հյուրերի հետ այս պահին զրուցում է ՀՀ նախկին արտագործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը:
Ավելի վաղ Epress.am-ը գրել էր, որ ոստիկանները թույլ չեն տվել ակտիվիստներին փաթեթներ հանձնել համաժողովի մասնակիցներին: Փաթեթներում է Հայաստանի քաղբանտարկյալների ցուցակը, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող տեսանյութը և մի շարք փաստաթղթեր, որում ներկայացված են Հայաստանում մարդու իրավունքների խախտումների փաստեր:
Նշենք նաև, որ պիկետի մասնակիցներին քիչ առաջ դրոշներով միացան մի խումբ մարդիկ, որոնք ժամանել են Գյումրիից: