Ելույթ ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքի ժամանակ` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ողջունել է «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովի այն մասնակիցներին, ովքեր համարձակություն են ունեցել գալ ընդդիմության հանրահավաքին և մասնակցել այդ միջոցառմանը:
Իր ելույթի ընթացքում ՀՀՇ առաջնորդն անդրադարձել է քաղբանտարկյալների խնդրին.
«Ես վերջերս բարկությունից անցել եմ խնդալու: Ես խնդում եմ այս իշխանությունների վրա: Ամբողջ աշխարհը փաստել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Իշխանություններն իրենց դրել են երկարականջի տեղ ու ասում են, որ Հայաստանում չկան քաղբանարկյալներ: Տառականի տրամաբանությամբ և հոգեբանությամբ ղեկավարվող այս մարդիկ ասում են, որ չկան քաղբանտարկյալներ: Կոչ եմ անում աշխարհի բոլոր երկրներին, որտեղ կան քաղբանտարկյալներ, ազատ արձակել քաղաքական հայացքների համար ձեռբակալվածներին»:
Մանուկյանը ցանկություն է հայտնել, որ այսօրվա ընդդիմության հանրահավաքը դառնա խաղաղության հանրահավաք, լինի բոլոր քաղբանարկյալների համար:
Նա պահանջել է օր առաջ բաց թողնել քաղբանտարկյալներին:
«Աստված չանի նրանցից մեկի հետ որևէ բան պատահի: Չե’ք մարսելու: Դատվելու են նրանք, ովքեր դատել են, ովքեր կեղծ ցուցմունք են տվել, ովքեր հրաման են տվել: Ժողովուրդ, մի’ վհատվեք: Մեր պայքարն իր արդյունքներն է տալիս: Այն ամենին, ինչին հասել ենք, հասել ենք մեր պայքարի շնորհիվ», – նշել է Արամ Մանուկյանը: