Մարդիկ սկսել են հավաքվել Մատենադարանի բարձրունքի ստորին հատվածում, որտեղ այսօր կկայանա Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12:00-ից ընդդիմության ակտիվիստները նույն հատվածում` Կառավարության ընդունելությունների տան մոտ, պիկետ են կազմակերպել, որը տևել է վեց ժամը:
Ընդունելությունների տանն այսօր մեկնարկել է «Հանուն ժողովրդավարության ապագայի» եվրոպական համաժողովը, և ՀԱԿ-ի ակտիվիստները պիկետի միջոցով համաժողովի մասնակիցներին տեղեկացնում էին Հայաստանում մարդու իրավունքի ոլորտում առկա վիճակի, խոսքի ազատության խնդիրների, քաղբանտարկյալների առկայության մասին:
17:30-ից Կորյուն փողոց-Մաշտոցի պողոտա հատման կետում սկսեցին մեծ թվով մարդիկ կուտակվել, որոնց, սակայն, ոստիկանները թույլ չէին տալիս ազատ տեղաշարժվել: Այնուամենայնիվ, նրանք ճեղքեցին ոստիկանական պատնեշը և սկսեցին բարձրանալ դեպի Մատենադարան: Մինչ այս պահը մարդկանց հոսքը չի դադարում:
Քիչ անց հանրահավաքի վայր կժամանեն ընդդիմության առաջնորդները, այսօր հանրահավաքի ընթացքում ելույթ կունենա ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: