Home / Հայաստան / Հատուցման ժամն օրեցօր մոտենում է. Լևոն Տեր-Պետրոսյան

Հատուցման ժամն օրեցօր մոտենում է. Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում ավանդույթի համաձայն վերջինը ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Նա նշել է, որ բոլորին ի սկզբանե պիտի պարզ լիներ, որ այսօրվա միջոցառումը ոչ այնքան հանրահավաք, որքան ցույց է, ինչի պատճառով երկարաշունչ ելույթներն ավելորդ են։ Տեր-Պետրոսյանի խոսքով` հայտնի է նաև ցույցի առիթը՝ Եվրախորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը, որն այս պահին ընթանում է Երևանում։

«Արդ, ինչո՞ւ ենք մենք օգտագործում այս առիթը՝ եւս մեկ անգամ մեր ընդդիմախոսներին հիմք տալով չարաբանելու, թե մենք կրկին փորձում ենք Հայաստանի ներքին խնդիրները լուծել օտարների օգնությամբ, այսինքն՝ դրսից տղա ենք բերում։ Քավ լիցի, նախ՝ այդ տղաներին ոչ թե մենք, այլ Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանն են բերել, եւ երկրորդ, ինչպես մի առիթով նշել եմ, Եվրոխորհուրդը, Եվրոդատարանը, ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը ամենևին օտարներ չեն, այլ մեր սեփական կազմակերպությունները։ Հայաստանը կամովին անդամագրվել է բոլոր այդ միջազգային կառույցներին և համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջև։ Հետեւաբար, մենք մեր իսկ կազմակերպություններից ընդամենը պահանջում ենք վերահսկել այդ պարտավորությունների կատարումը», – ասել է ընդդիմության առաջնորդը:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` այդ պահանջը միանգամայն արդար ու օրինական է, քանի որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել նշված կազմակերպությունների առջև, ապա դա նշանակում է, որ վերջիններս էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջև։

«Իսկ այժմ եկեք հասկանանք, թե ցույց անելով, մենք ի՛նչ ենք ուզում ցուցանել։ Ընդամենը հետեւյալը.

Առաջին. Հակառակ միջազգային հանրության գործադրած ջանքերին, Հայաստանի իշխանությունները շարունակում են զնդաններում պահել մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալների, ոչ մի քայլ չեն անում մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ եւ ամենեւին մտադիր չեն հրաժարվել խոսքի ու հավաքների ազատության սահմանափակման հակաօրինական պրակտիկայից։

Երկրորդ. Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, բացարձակապես չեն կատարել Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Թ. 1677 բանաձեւի պահանջները, դրանով արտահայտելով իրենց ակնհայտ արհամարհական վերաբերմունքն այդ հեղինակավոր կազմակերպության նկատմամբ։

Երրորդ. Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն, իր հերթին, հետեւողականություն ու սկզբունքայնություն հանդես չի բերել նշված բանաձեւի կատարման ընթացքի վերահսկման հարցում եւ իր պասիվությամբ փաստորեն խրախուսել է Հայաստանի իշխանությունների հանցավոր վարքագիծը։

Չորրորդ. Միջազգային կազմակերպությունների որդեգրած մեղմ կամ գուրգուրիչ քաղաքականությունը, որի էությունը Հայաստանի իշխանություններին բարեփոխումների դաշտ ներքաշելու ձգտումն է, իրականում տվել է հակառակ արդյունքը։ Փորձը ցույց է տալիս, որ վերջիններս դրական քայլեր կատարելու հակում են ցուցաբերում միայն պատժամիջոցների սպառնալիքի առկայության պարագայում։

Եվ հինգերորդ, որն ամենակարեւորն է, այսօրվա մեր միջոցառման նպատակն է ֆորումի մասնակիցներին ցույց տալ, որ հայ ժողովուրդը լի է վճռականությամբ՝ մինչեւ վերջ պայքարելու իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար, օգտագործելով դրան հասնելու բոլոր օրինական միջոցներն ու միջազգային կազմակերպությունների ընձեռած հնարավորությունները», – նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ընդդիմության առաջնորդը պատմել է հավաքվածներին, որ այսօր նա հանդիպել է Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ, որին փոխանցել է մոտավորապես վերոնշյալ պատգամները։

«Ծրագրված է իմ հանդիպումը նաեւ Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որը մասնակցելու է Երեւանյան ֆորումի փակման նիստին։ Չգիտեմ ինչ հետեւանքներ կունենան այդ հանդիպումներն ու ընդհանրապես այսօրվա մեր միջոցառումները, սակայն զգացվում է, որ միջազգային հանրության համբերությունն արդեն հատնում է։

Ս.թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքում նշելով, որ Հայաստանի իշխանություններին շնորհված թողության (ինդուլգենցիայի) պաշարն սպառվում է, ես նկատի ունեի հենց այս հանգամանքը։ Վերջին օրերի տագնապահարույց լրահոսը լիովին հաստատում է տվյալ կանխազգացումը։ Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մալայզիայում, Ավստրալիայում կատարված սկանդալային բացահայտումներում Հայաստանը ներկայացվում է որպես փողերի լվացման, նարկոբիզնեսի, թրաֆիքինգի, զենքի անօրինական առեւտրի եւ միջազգային այլ հանցագործությունների կենտրոն, իսկ մեր երկրի իշխանությունները՝ որպես ծանրագույն այդ հանցագործություններում ներքաշված ֆիգուրանտներ։ Հատուցման ժամն, այսպիսով, օրեցօր մոտենում է։ Թեեւ ցավ ի սիրտ, դա տեղի է ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի պատվի ու հեղինակության հաշվին, չխոսած մեր երկրին սպառնացող քաղաքական կորուստների մասին, որոնք անխուսափելիորեն հետեւելու են այս ամենին։ Մենք ամենեւին չէինք ցանկանա, որ Հայաստանի վերածնունդը կայանար այդքան թանկ գնով», – ասել է ՀՀ առաջին նախագահը։