Այսօր Երևանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի ընթացքում «Հեռանկարներ 2020. ժողովրդավարությունը Եվրոպայում. Սկզբունքներ և մարտահրավերներ» խորագրով նիստին բացման խոսքով հանդես է եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ ղեկավարն ասել է, որ Հայաստանի, Շվեդիայի և Իսպանիայի համատեղ նախաձեռնությամբ Երևանում Եվրոպայի խորհրդի հետ կազմակերպելով այս նշանակալի միջոցառումը` Հայաստանը իր ներդրումն է բերում համաեվրոպական ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:
«Հայաստանը շարունակում է իրականացնել իր պարտավորությունները` ընթանալով ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված հասարակության կառուցման ուղիով: Մենք գնահատում ենք մեր բարեկամների ու գործընկերների աջակցությունը այդ ուղին հնարավորինս սահուն ու արդյունավետ անցնելու համար, քանի որ հնարավոր խոչընդոտները առավել հեշտ է հաղթահարել, երբ կա աջակցության ու զորակցության զգացումը», – ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Նշենք, որ այսօր երեկոյան համաժողովի մասնակիցների պատվին Հայաստանի արտգործնախարարի անունից ընդունելություն կտրվի: