Կառավարության ընդունելության տան մոտ շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած պիկետը: Հիշեցնենք, որ Ընդունելությունների տանը այս պահին անցնում է «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովը, որին մասնակցելու համար Երևան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբորն Յագլանդը:
Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները ձեռնաշղթաներ և քաղբանտարկյալներին ներկայացնող զգեստներ են հագել, բացի այդ, Ընդունելության տան դիմացի մայթին, Մաշտոցի պողոտայի վրա հայտնվել էր բանտային խուց խորհրդանշող վանդակ, որը, սակայն, ոստիկանները թույլ չեն անցկացնել փողոցի այս կողմ:
Հիշեցնենք, որ ոստիկանները թույլ չեն տվել ակտիվիստներին փաթեթներ հանձնել համաժողովի մասնակիցներին: Փաթեթներում է Հայաստանի քաղբանտարկյալների ցուցակը, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող տեսանյութը և մի շարք փաստաթղթեր, որում ներկայացված են Հայաստանում մարդու իրավունքների խախտումների փաստեր:
Այնուամենայնիվ, Epress.am-ի լրագրողի հավաստմամբ, ակտիվիստները կարողացել են համաժողովի մի քանի մասնակցի փոխանցել փաթեթները:
Նշենք, որ պիկետի անցկացման վայրում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: