Այսօր, ժամը 12-ին Հայ Ազգային Կոնգրեսը սկսել է պիկետը Կառավարության ընդունելությունների տան մոտ, որտեղ մեկնարկել է «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովը: Նշենք, որ համաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբորն Յագլանդը:
Ընդունելությունների տան մոտ մեծ թվով ոստիկանական մեքենաներ և ոստիկաններ են կուտակվել: ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրել է, որ դիմել է ոստիկաններին` խնդրելով նրանց թույլ տալ Կոնգրեսի երիտասարդներին մոտենալ համաժողովի հյուրերին և փաթեթներ հանձնել նրանց:
Փաթեթներում է Հայաստանի քաղբանտարկյալների ցուցակը, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող տեսնյութը և մի շարք փաստաթղթեր, որում ներկայացված են Հայաստանում մարդու իրավունքների խախտման փաստեր: Ոստիկանները մերժել են Կարապետյանի խնդրանքը:
Այս պահին Ընդունելությունների տան մոտ հավաքված ժողովուրդը շարունակում է պիկետը` վանկարկելով ընդդիմության կարգախոսները: