Այսօր առավոտյան Չեչնիայի տարածք ներխուժած ահաբեկիչները սպանվել են: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով Չեչնիայի ուժային կառույցներում սեփական աղբյուրի վրա:
«Հատուկ գործողություններն ավարտվել են, բոլոր զինյալները ոչնչացվել են», – նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ այսօր Չեչնիայի խորհրդարանի տարածքում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել:
Ահաբեկիչները մեքենայով խորհրդարանի տարածք են մտել պատգամավորների ավտոմեքենաների hետևից: Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, իսկ մյուս երկուսը շենք են մտել և հրաձգություն են սկսել: «Ինտերֆաքսը»-ը հաղրոդում է 3-4 զինված անձանց մասին:
Ահաբեկիչների ներխուժելու պահին խորհրդարանի ղեկավարը`Դուկուվախա Աբդուրախմանովը շենքի ներսում է եղել: Տարբեր տվյալներով հրաձգության արդյունքում զոհվել է 2-ից 4 մարդ: Խորհրդարանի շենքի մերձակայքում աշխատում էին հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները: Հատուկ գործողությունը ղեկավարում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Նշենք, որ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը: