ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA համակարգի գործարկման արարողությանը:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող այս համակարգի հնարավորությունները, ներդրված հատուկ ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը, հասնել կորուստների նվազեցման, ճշգրիտ կանխատեսումներ և համակարգի կայունության հաշվարկներ կատարել:
Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել էներգահամակարգի կառավարումը` հիմնվելով իրական ժամանակում հավաքագրված տվյալների վրա, ինչպես նաև` բարձրացնել էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը:
էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման համակարգի նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով: ՀՀ նախագահը ծանոթացել է նաև հետագա փուլերում նախատեսվող ծրագրերին: Առաջին փուլի իրականացման նպատակով, ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև (ներկայում` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կնքվել է վարկային համաձայնագիր:
SCADA համակարգի գործարկման արարողությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասահարու Կոնոն, հիշյալ նախագիծը համարելով հայ-ճապոնական բարեկամության և համագործակցության լավագույն օրինակներից մեկը, նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է այսուհետ ևս աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին: