Այսօր առավոտվանից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն մայրաքաղաքի Օղակաձև այգում գտնվող Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանից մաքրում էին բարբարոսության հետքերը: Նշենք, որ անհայտ անձինք հուշարձանի վրա գրել էին «Մահ ջհուդին» և նացիստական տարբերանշան պատկերել:
Դեպքի վայրում Epress.am-ի լրագրողը զրուցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակցի հետ, ով չի ցանկացել ներկայանալ: Նա նշել է, որ կատարվածի մասին իրենց գիշերն են տեղեկացել քաղաքացիներից:
Այս պահին տարբերանշանն արդեն մաքրված է, և քաղաքապետարանի աշխատակիցը մաքրում է ներկի մնացորդները, որոնք մասամբ ծածկել էին հուշարձանի վրա գրված եբրայերեն արտահայտությունը` «Ապրել և չմոռանալ. հայ և հրեա ժողովուրդների Եղեռնի զոհերի հիշատակին»: Հուշարձանի վրա նույն արտահայտությունը գրված է նաև հայերեն լեզվով: