Հոկտեմբերի 23-ին Երևանում` Կոմիտասի արձանի մոտ տեղի է ունենալու Թեղուտի անտառների պաշտապանությանը նվիրված համերգ-հանրահավաք:
Epress.am-ի հետ զրույցում Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամ Հրայր Սավզյանը պատմել է միջոցառման մանրամասների մասին.
«Միջոցառումը նվիրված է Թեղուտի պաշտպանությանը և ընդհանրապես բնության խնդիրները վերհանելուն և հասարակայնացնելուն: Կազմակերպվելու է համերգ, որի մասնակիցների ցուցակը առայժմ ճշտվում է, բայց կարող եմ ասել, որ համերգը կլինի կիթառային, վոկալային բնույթի, «Vo.X» ռոք-խումբն Թեղուտին նվիրված իր երգը կներակայցնի, ինչպես նաև հնարավոր է, Armcomedy-ի տղաները մի փոքրիկ համարով ներկայանան»,- պատմել է համերգ-հանրահավաքի կազմակերպիչը:
Հրայր Սավզյանը մեզ փոխանցել է, որ բազմաթիվ ելույթներ են նախատեսվում:
«Ելույթ կունենան Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Տիգրան Խզմալյանը»,- ասել է Սավզյանը:
Նա նաև հավելել է, որ շուտով սոցիալական ցանցերում, տարբեր բլոգերում տեղադրվելու է մի տեսանյութ, որտեղ հայտնի մարդիկ հանդես են գալիս Թեղուտի պաշտպանության նվիրված խոսքերով:
«Տեսասկավառակում ընդգրկված են գրող-հրապարակախոսներ Տիգրան Պասկևիչյանի և Հրանտ Տեր-Աբրահամյանի, դերասան Երվանդ Մանարյանի և այլ հայտնի մարդկանց խոսքերը»,- նշել է մեր զրուցակիցը: