Ընտրական օրենսգրքի այս փոփոխություններում օրենքի տեսքով գրված է լինելու, որ տեղամասային հանձնաժողովների ձևավորման գործում ընդդիմությունը հնարավորություն է ունենալու 20%-ով մասնակցել, այսինքն` ունենալ հանձնաժողովի իր նախագահը, քարտուղարը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը` խոսելով հայաստանյան ընտրական օրենքի փոփոխությունների նախագծի մասին:
Սահակյանը հստակ չնշեց, թե ինչ ասել է «ընդդիմություն»: Պատասխանելով լրագրողի հարցին` նա հայտարարեց, որ ընդդիմության տարբեր թևերից իրենք առաջարկներ են ստացել, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսից:
Սահակյանի խոսքով` համաձայն ՀԱԿ-ի առաջարկի ընտրությունների ողջ գործընթացի պատասխանատվությունը պետք է ընկնի պետության վրա:
Բանախոսը նշել է, որ փոփոխությունների մեջ ընդգրկված են նաև ԵԱՀԿ Ժողովրդավարության ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացրած լայնածավալ զեկույց-առաջարկությունը, մասնավորապես, լրատվամիջոցների վերաբերյալ կետը, համաձայն որի լրատվամիջոցները պետք է հավասար օգտագործվեն ընտրարշավի ժամանակ:
«Այժմ նախագծի փոփոխված տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով փորձաքննության` որպես աշխատանքային փաստաթուղթ», – ասել է Սահակյանը:
Համաձայն նոր ընտրական օրենքի նախագծի տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներից երկուսը պարտադիր պետք է իրավաբանական կրթություն ունենան և երկուսը պետք է կանայք լինեն: