ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի օմբուդսմեններին` կոչ անելով փոխադարձ հանդուրժողականություն ցուցաբերել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` հայի և ադրբեջանցների դիակների վերադարձման համար:
«Կոչ եմ անում և հորդորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին միջնորդել ԼՂ իշխանություններին վերադարձնել ադրբեջանցի Ֆարիդ Ահմեդովի և Մուբարիզ Իբրահիմովի դիակները:
Միաժամանակ կոչ եմ անում Ադրբեջանական Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային մարդասիրություն ցուցաբերել և պահանջել իրավասու մարմիններից միջազգային փորձագետներին թույլ տալ ուսումնասիրել ՀՀ քաղաքացու գերեվարման հանգամանքներն ու մահվան պատճառները:
Կոչ եմ անում նաև միջոցներ ձեռնարկել Մանվել Սարիբեկյանի դիակը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու գործում:
Ես` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացների պատշաճ իրականցմանը», – ասված է ՄԻ պաշտպանի նամակում: