Գերմանիայի սահմանի մերձակայքում տեղակայված լեհական Սվեբոդզին փոքրիկ քաղաքը կարող է համաշխարհային ճանաչում ձեռք բերել և զբոսաշրջության կենտրոն դառնալ: Այստեղ կառուցվում է Քրիստոսի` աշխարհում ամենամեծ արձանը, որը 9-ը մետրով գերազանցելու է Ռիո դե Ժանեյրոյի Փրկչի արձանը, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը:
Արձանի բարձրությունը 33 մետր է, Հիսուսի գլխին տեղադրված է 2-մետրանոց թագ: Քրիստոսի արձանը տեղակայվելու է 16-մետրանոց պատվանդանի վրա, իսկ ընդհանուր առմամբ` արձանը գետնից 51 մետր բարձրություն վրա է լինելու:
Սվեբոդզինի իշխանությունները պնդում են, որ արձանն առաջին հերթին կառուցվում է «Աստծո փառաբանության» նպատակով, այնուամենայնիվ, չեն ժխտում նաև նախագծի գործնական կողմը, որը կարող է մեծ գումարներ բերել 21 հազար բնակչություն ունեցող քաղաքին:
«Եթե մենք հեծանվաուղի կամ գոլֆի դաշտ կառուցեինք, զբոսաշրջիկները միայն տարվա որոշակի հատվածում կայցելեին քաղաք, այնինչ արձանի դեպքում շատ հավանական է, որ զբոսաշրջիկների հոսքը չդադարի ողջ տարվա ընթացքում»,- լեհական Wprost շաբաթերթին տված հարցազրույցում ասել է քաղքապետարանի աշխատակիցներից մեկը:
Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են: Մնացել է իրականացնել շինարարության ամենավտանգավոր հատվածը` արձանի գլուխը և թագը պետք է հարմարեցվեն արձանի մնացած մասին, ինչի համար, հնարավոր է, ուղղաթիռներ օգտագործեն: