Օրաթերթը գրում է, որ այս օրերին Հայաստանում գտնվող ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախօրեին «գաղտնի» հանդիպում է ունեցել ՀՀ Ազգայի ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպման մասին որևէ տեղեկատվություն չի տարածվել, այդ մասին պաշտոնապես չի խոսվում: Տեղեկություններ կան միայն, որ Պրեսկոտը, որ երեկ առավոտյան մեկնեց Հայաստանից, Հովիկ Աբրահամյանի հետ խոսել է քաղբանտարկյալների մասին, քննարկվել է, թե ինչպես կարելի է «կամաց-կամաց» ազատ արձակել քաղբանտարկյալներին, որպեսզի Հայաստանը ԵԽԽՎ-ում խուսափի մեծ աղմուկից: Բանն այն է, որ Պրեսկոտը ՀՀ հարցով նոր համազեկուցողի հետ առաջիկայում փաստահավաք այց է կատարելու ՀՀ և պատրաստելու է զեկույց, որտեղ չի կարող շրջանցել քաղբանտարկյալների հարցը: Երեկ հայտնի դարձավ նաև, որ հունվարի սկզբին քաղբանտարկյալների հարցով ՀՀ է ժամանելու նաև ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը: