Այսօր ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք որոշումներ է կայացրել, մասնավորապես, հաստատել է կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անվտանգության սերտիֆիկատների տրման կարգը, ՀՀ ներկրվող և ՀՀ-ից արտահանվող սննդամթերքի համար տրվող անվտանգության սերտիֆիկատների ձևերը, որոշել ՀՀ-ից Եվրամության երկրներ արտահանման համար կիրառել Եվրամիության երրորդ երկրներից կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի և սննդամթերքի ներմուծման համար հաստատված առողջության սերտիֆիկատների ձևերը։
Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից ևս մեկում` կառավարությունը հաստատել է անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողության իրականացման համար անհրաժեշտ կենդանական ծագման մթերքների նմուշառման կարգը, դրանց արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին նշանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, անասնաբուժության բնագավառում արգելել անաբոլիկ ազդեցությամբ օժտված դեղամիջոցների կիրառումը։
«Ընդունված որոշումների այս փաթեթի նպատակն է ստեղծել գյուղատնտեսական մթերքների արտահանման բարենպաստ պայմաններ»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Այդ գործընթացն ավելի պարզ և դյուրին է դառնում, և մեր գյուղացին կկարողանա անարգել արտահանել իր ստեղծած արտադրանքը»։