Home / Армения / ԵԽ գլխավոր քարտուղարը Լևոն Տեր-Պետրոսյանին հավատացրել է, որ զբաղվում է Հայաստանի հարցով

ԵԽ գլխավոր քարտուղարը Լևոն Տեր-Պետրոսյանին հավատացրել է, որ զբաղվում է Հայաստանի հարցով

Այսօր երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:
 
Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով` հանդիպման ընթացքում բարձրացվել են բոլոր այն հարցերը, որ իրենք ընդհանրապես բարձրացնում են ԵԽ-ի առջև, որոնց թվում նաև այն հարցերը, որոնք առկա էին ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձի մեջ:

«Եվ մենք վստահ ենք, որ այդ հարցերը ըմբռնումով են ընկալվում և այդ հարցերը բարձրացվում են իշխանությունների առջև»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը նշել է, որ, բացի քաղբանտարկյալների, մարտի 1-ի սպանությունների բացահայտման, անկախ հեռուստատեսության վերաբացման, իշխանությունների ոչ լեգիտիմության և կոռումպացվածության հարցերից խոսվել է նաև Ազատության հրապարակի շուրջ ստեղծված վիճակի մասին:

«Այնպես որ, կարելի է ասել, որ մեր դեմոկրատական հասարակայնությանը հուզող բոլոր հարցերը բարձրացվել են»,- ընգծել է Լևոն Զուրաբյանը:

Այն հարցին, թե ինչ խոստումներ է տվել Յագլանդը հանդիպման ընթացքում, Զուրաբյանը պատասխանել է, որ ոչ միայն խոստումներ եղան, այլև հավաստիացումներ այն մասին, որ ԵԽ-ն լրջորեն աշխատում է և աշխատելու է:

ՀԱԿ համակարգողը, սակայն, նշեց, որ իրենք ապավինում են միայն սեփական ուժերին, թեև, բնականաբար, եթե լինի նաև դեմոկրատական միջազգային հանրության օգնությունը, դրանից միայն բոլոր հարցերն ավելի շուտ կլուծվեն: