Այսօր Իրանն ամենամեծ արտաքին խոչընդոտն է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն, գրում է Новости Азербайджан-ը:
«Այսօր Իրանն իր ողջ ներուժով փորձում է միջամտել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին»,- նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով` Իրանն արմատապես փոխել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:
«Իրանը ոչ միայն դեմ չէ Երևանի դիրքորոշմանը, որը միանշանակ մերժեց Թեհրանի` միջնորդի դեր ստանձնելու առաջարկը` հայտարարելով, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է միջնորդական առաքելություն իրականացնել, այլ նաև գործնականում մերձենում է Հայաստանի հետ»,- ասել է Ահմեդօղլուն:
Նրա կարծիքով` անկախ այն փաստից, որ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը ծառայում է Իրանի պետական շահերին, հատկապես, նրա դեմ պատրաստվող պատերազմի սպառնալիքի ներքո, այսօր Իրանն ամենասուր հակաադրբեջանական դիրքորոշումն է ցուցաբերում, իսկ նրա գլխավոր նպատակն այն է, որ անկախ Ադրբեջան գոյություն չունենա: