Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, տեղեկանալով Ռյազանի ռազմական հաստատություն կատարած այցից հետո Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի շուրջ ծավալված սկանդալի մասին, պահանջել է նախարարի հրաժարականը, գրում է Аргументы недели պարբերականը:
Եթե Սեդյուկովը պաշտոնանկ լինի, ապա Պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Գլխավոր շտաբի գեներալ-գնդապետ Նիկոլայ Մակարովը:
Միևնույն ժամանակ, ՌԴ կառավարությունում Սերդյուկովի հրաժարականի մասին լուրերը անվանել են «պատվիրված»:
«Այս ամենը զառանցանք է և նույնիսկ մեկնաբանության արժանի չէ, ամենափոքր ուշադրության անգամ արժանի չէ»,- «Ինտերֆաքսին» փոխանցել է կառավարության ներկայացուցիչը:
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Սերդյուկովը, այցելելով Ռյազանի ռազմական հաստատություն, անպարկեշտ խոսքեր է հնչեցրել հաստատության հրամանատար, Ռուսաստանի հերոս, փոխգնդապետ Անդրեյ Կրասովի հասցեին և կոչ է արել քանդել կրթական հաստատության տարածքում կառուցված եկեղեցին, իսկ Կրասովին սպառնացել է ազատել աշխատանքից:
«Ո՞վ է այստեղ ղեկավարը: Դո՞ւ: Ազատել այդ ղեկավարին… Եկեղեցին քանդել… Կենտրոնին գումարներ չհատկացնել»,- ասել է նախարարը:
Դեսանտների միությունը, որը 135 հասարակական կազմակերպություն է միավորում, տեղի ունեցածի կապակցությամբ նամակով դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլին` խնդրելով համապատասխան գնահատական տալ նախարարի պահվածքին: